ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հնարավոր է վայր դնեն մանդատը, նշեց, որ իր հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, կոչ արեց ուղղել հենց իրենց:
«Խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա: Մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մակունցը:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ լինեն, նա պատասխանեց, որ որև պատգամավորի փոխարեն չի կարող կարծիք հայտնել։
«Մենք բռնապետական համակարգում չենք և ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող ենք որոշում կայացնել, ոչ կարծիք հայտնել»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը և ընդդիմության քննադատություններին:
«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե մեր պետությունն ինչպես կարող է ունենալ զարգացման ռազմավարություն, կարելի էր սպասել, որ այսպիսի արձագանք կտան»,- նշեց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցանկացած ծրագրի ղեկավարումն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ, հատկապես պետության առաջնորդներն իրենց առջև պետք է ունենան այդպիսի նպատակներ:
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին անդրադառնալով՝ Մակունցը նշեց, որ իր համար հանրահավաքի կազմակերպման համար բերած ընդդիմադիրների պատճառները անհիմն են, սակայն դա ընդդիմության իրավունքն է։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյան, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գևորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: