Ղարաբաղի հարցը գոնե այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի խնդերի ներկա իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ Արցախի խնդրի լուծման հետ կապված բոլոր հույսերն ու առաջարկներն այժմ ավարտված են, քանի որ այն հնարավոր փոխզիջումները, որոնք ընդունելի են ՀՀ-ի համար, չի ընդունում Ադրբեջանը։
«Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի։ Հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը։
«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական գործընկերներ ու կա մշտական հաղորդակցություն։ Մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով համագործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար», – հավելեց վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։