ԱԺ նիստում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսքը սկսելուց առաջ դիմեց իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին․
«Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին։ Հուսամ՝ լավ է: Մենք Ձեր աղջկա ձեռքը բռնած մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր Գերագույն գլխավոր հրամանատարը»:
Հետո Նաիրա Զոհրաբյանը խոսքն ուղղեց պատգամավորիներին և ասաց, որ այսօր մեկ հարց պետք է քննարկվի՝ ռազմական դրության վերացում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
«Ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակ» թերթում, արել եմ հարցազրույցներ սերիական մարդասպանների հետ: Նրանցից մեկն ինձ մի անգամ ասաց՝ ես աղերսում էի, որ ինչ-որ պահի ինչ-որ մեկն իմ ձեռքը բռնի»: Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել»,- նշեց պատգամավորը։
Ըստ Զոհրաբյանի՝ տեղի ունեցածը ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքին հասցված ամենադաժան հարվածն է: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը չի կարող ու չպետք է մնա։