Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Ընդգծվել է, որ հանդիպմանը դիտարկվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը»-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է նաև մարտական գործողություններից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն տրամադրման կարևորության մասին: