Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, և նիստն արդեն ընթացավ դռնփակ ռեժիմով։ Քանի որ դռնփակ նիստի ռեժիմում քննարկվածը հրապարակման ենթակա չէ, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել. կարող եմ ասել, որ ծավալուն քննություն կատարվեց։ Դատարանը ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել. դրանով իսկ նիստը հետաձգվեց, նշանակվեց երեքշաբթի՝ 13։00-ին»,- հայտնեց Վարդևանյանը։
Անդրադառնալով Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը հանելուն՝ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ եռաստիճան դատական համակարգի կողմից այն ճանաչվել էր իրավունքի խախտում, իսկ դատական ակտը պետք է կատարվի, հակառակ դեպքում դա իրավական անվտանգությանը սպառնալիք է։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: