ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն իր Facebook-յան էջի միջոցով հայտնել է, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը:
Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,-գրել է նա։
Վերջինս ընդգծել է նաև, որ ՀՀ Օրենսդիր մարմնում շուրջ երկու տարվա իր աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել է արդյունավետ գործընկերային հարաբերություններ։
«Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս՝ նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում. հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի՝ առավել չմանրամասնեմ»,- գրված է հրապարակման մեջ։