Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ գործը մինչ այս քննում էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, սակայն նրա լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, ուստի գործը փոխանցվել է նոր դատավորի, որը գործի քննությունը պետք է սկսի սկզբից:
Հիշեցնենք՝ տուժող Հարությունովը ոստիկաններին սկզբում պատմել էր, որ իրեն ծեծել է Էդուարդ Բաբայանը։ Հետո ասել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ և որ որևէ բողոք չունի նրա դեմ, իսկ վնասվածքները ստացել է սայթաքելու հետևանքով։ Դատարանում ևս տուժողը պնդել էր, որ իրեն ոչ ոք չի ծեծել, Էդուարդ Բաբայանն էլ մեղքը չէր ընդունել։ Դատարանը, սակայն, Բաբայանին ճանաչել էր մեղավոր և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, բայց համաներմամբ ազատ էր արձակել։
Դատավճռի հրապարակումից ամիսներ անց՝ Հարությունովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու համար: Խոսքը հենց Էդուարդ Բաբայանի գործի մասին է: