Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։
Լրագրողների հետ զրույցում Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ սա ծաղր է իրավաբանության նկատմամբ:
«Այս որոշումը մեզ համար անընդունելի է: Պարոն Չարչյանին անազատության մեջ պահելու որոշման որևէ հիմք չկա: Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, և նա շարունակում է գտնվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այսօր քրեական գործը կարճելու միջնորդություն են պատրաստել ու այսօր այն մուտքագրելու են:
Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի՝ եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։