ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սյունիքում ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով» ,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Իսկ ուշ երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
Այսօր ևս՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Սյունիքում առկա վիճակը քննարկելու համար։ Հավելենք, որ այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրկին տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։