ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի և ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են և կայանալու են այսօր: Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր նիստերը տեղի են ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը երեկ բերման էր ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Փաստաբանը նշել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
Հիշեցնենք նաև, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը։ Ձերբակալությունների վերաբերյալ երեկ հաղորդագրություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը: