ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինն ապրիլի 1-ի ժամը 00:40-ին Արաբկիրի շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:
Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: