ՀՀ զինդատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ:
Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Իսկ ուշ երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Այսօր ևս՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Սյունիքում առկա վիճակը քննարկելու համար։
Հավելենք, որ այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրկին տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։