ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան է պետք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
«Սահմանդրությամբ ամրագրված է, որ անձն իրավունք ունի իր շահերը պաշտպանել իր ընտրած փաստաբանի միջոցով»,- ասաց Օրբելյանը։
Անդրադառնալով փաստաբաննների հասցեին հնչող մեղադրանքներին՝ նա նշեց․
«Ժամանակը ցույց տվեց, որ մենք ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք արհեստական որևէ բան չենք արել։ Ժամանակը ցույց տվեց, որ երեք տարի, երբ մենք ասում էինք, որ այս հոդվածը հակասահմանադրական է, այդպիսինն էլ ճանաչվել է։ Ժամանակը ցույց տվեց, որ Դուք պետք է որոշում կայացնեք։ Չեք կայացնում, բայց չեք կարող որոշում չկայացնել։ Այսօրվա նիստը պետք է հետաձգվի, և Արմեն Գևորգյանին պետք է տրվի փաստաբան ընտրելու հնարավորություն»,- ընդգծեց պաշտպանը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանը խախտում է իր պաշտպանյալի արդար դատաքաննության իրավունքը։
Նա ասաց, թե դատավորը նման վարքագծին ստանալու է համապատասխան արձագանք։
Աննա Դանիբեկյանը նշեց, թե օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը լքել է նիստերի դահլիճը՝ առանց թույտվության ու ստիպված հետաձգել են նիստը։
Դատավորը Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։
Նա նշեց, թե այլ վարույթներում շարունակելու է լինել Գևորգյանի պաշտպանը։ Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը։
Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, թե ուզում է պաշտպան ունենալ, որովհետև ինքնուրույն չի կարող գործի մանրամասներին ուշադրություն դարձնել։
Արմեն Գևորգյանը համաձայն է Էրիկ Ալեքսանյանի հետ, որ նա այլևս չի կարող այս դատավարությունում պաշտպանել իր իրավունքը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։