Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունից:
ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում են X-րդ դարում կառուցված Բագարանի Սբ. Շուշանիկ և VI դարում կառուցված Սբ. Երրորդություն եկեղեցիները:
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր: Նա այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալները ու դիրքերը, հանդիպել ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող ծառայությանը և ՀՀ սահմանները պահպանելու կարևոր աշխատանքին: