Այսօր մեր մեծ Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի մահվան օրն է: Սա ևս մեկ առիթ է հիշելու ու գնահատելու այն հսկայական դերը, որ նա ունեցել է և ունի հայ գրականության մեջ: Նա այն բացառիկ գրողներից է, որ փայլում է թե՛ արձակում, թե՛ չափածոյում: Նրա բանաստեղծությունները, լինելով խորապես հայկական, նաև համամարդկային են, քանի որ շոշոփում են կյանքի ու մահվան առեղծվածի, երազների, աստվածաշնչյան առասպելների և այլ թեմաներ:
Քանի որ մի հոդվածով անհնար է ամբողջապես ներկայացնել մեծ գրողի հսկայական ստեղծագործությունը, ապա ներկայացնում ենք հատվածներ նրա երկերից ու տարբեր առիթներով հայտնած ոսկյա մտքերից.
Աշխատանք, սեր, ընկերություն, ողջախոհություն, – սրանք միջոցներ են ապրելու համար:
Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:
Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:
Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:
Վրեժը քաղցր բան է: Թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:
Երազը մեր չխոստովանած, անկեղծ ցանկությունների հայելին է:
Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավանում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում: