ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգում փոփոխություններ անելու նախագիծը։
Ըստ ավելի վաղ ներկայացված նախագծի՝ փոփոխության համաձայն խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով: Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի վճարման եղանակը կամ վճարող կազմակերպությունն ընտրելու համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի կամ Ազգային օպերատորի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը։
Ընդունվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նշված երկու նախագծերի դեպքում համապատասխան վճարներն այսուհետ անկանխիկ եղանակով վճարվում են նաև ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի կողմից։
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով կենսաթոշակի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։