ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են «Զանգեզուրի ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ» , «Ախթալայի ԼՀԿ», «Թեղուտ» ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին հայստնում է նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հույս է հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին որպես գործընկեր դիտարկել:
«ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձաարդյունաբերությունում վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և գիտելիքների, և ներդրումների և մարդկային ռեսուրսների մասով»,-նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը՝ հավելելով. «Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:
Ընկերությունների տնօրենները ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջիններս կուղարկեն այս շղթայում մասնակցության վերաբերյալ իրենց տեսլականը: