Մենք մի քանի հրապարակումներով անդրադարձել ենք հրետանային միջոցների ռազմամթերքի արդյունաբերությանը։ 2021 թվականին այդ առումով մենք տեղական ողջ պահանջարկը կլրացնենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«2021թ․-ին արդեն իսկ ի վիճակի կլինենք մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել Հայաստանում: Դա վերաբերում է թե՛ հրետանային միջոցներին, թե՛ ականանետերին, թե՛ ձեռքի նռնականետերին, թե՛ այլ ուղղություններին»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կան ֆինանսավորված տասնյակ նախագծեր:
«Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին է հասցվում: Թե՛ հարվածային, թե՛ հետախուզական տեսանկյունից արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն կարող են արտադրվել Հայաստանում»,- ասաց Արշակյանն ու հավելեց, որ դրանք լայնորեն կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ԶՈւ-ի կողմից:
Ռազմարդյունաբերության հատկացումների մասով նախարարն ասաց, որ եթե 2017-ին արվել է 1,6 մլրդ դրամի, ապա 2021-ին նախատեսվում է 4,6 մլրդ դրամի հատկացում: «Հատկացումները գերազանցում են ավելի քան 2,5 անգամ»,-ասաց Արշակյանը: