Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԻԱ «Նովոստին», թուրքական ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են այն թեմաները, որոնք այսօր շոշափվել են մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցում և պայմանավորվել են հետևել դրանց», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը շարունակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնությունների կատարման համատեքստում: Նկատի է առնվում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Կողմերը գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։