ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Աննա Կոստանյանը մանրամասներ են հայտնել Տավուշ կատարած այցից։
Սարգիս Ալեքսանյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։
Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են: Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշցու առանց այն էլ լարված առօրյան»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը չափման աշխատանքներ է իրականացրել Տավուշի գյուղերից մեկի տարածքում: Այս տեղեկությունը հետագայում հերքել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և Տավուշի մարզպետը: