Վաղը՝ ապրիլի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Այս մասին գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: Մեր հերոս նահատակների հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում և մենք ամեն ինչ անելու ենք նրանց սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար:
«Մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը: Ես ուզում եմ հավատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում:
Իսկ մինչ այդ՝ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:
Աստված պահապա՛ն հայ ժողովրդին…»,- գրել է Գագիկ Ծառուկյանը: