Այս պահին որևէ անհանգստության խնդիր չկա, կա մտահոգություն ու կան պայմանավորվածություններ, որոնք սպասում ենք, որ դառնան իրականություն։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ հնչեցնելով իր կարծիքն այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին առ այն, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղը ստորագրելու է։
«Ավարտեցի՞ք Ձեր ելույթը՝ հատուկ շեշտադրումներով, հարցի փաթեթավորմամբ»,- ասաց Դումանյանը լրագրողին՝ հավելելով, որ ավել տեղեկություն, քան ունեն լրագրողները, ինքը չունի։
Վահրամ Դումանյանն ասաց, որ Կառավարության նիստի փակ մասում չի քննարկվել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ժողովրդի մեջքի հետևում արդեն ոչ առաջին փաստաթուղթն է ստորագրվում, Դումանյանն ասաց, որ պետք է սպասել մինչև այդ թուղթը դառնա փաստաթուղթ։
«Տիեզերական ուժերի ու մտքերի դավադրությունների տեսությանը չեմ հավատում, և կանխակալ կանխատեսումներ անել․․․ ստել և այլն, ո՞վ ա ստել, միայն Ձեզնից լսեցի»,- ասաց Դումանյանը և ըստ էության ոչ մի հարցի հստակ չպատասխանելով՝ հեռացավ։