ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող։ Այս մասին տեղեկանում ենք Արարատ Միրզոանի Facebook-յան էջից։
«Նախազգուշացրել եմ, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։ Ըստ այդմ, կոչ եմ արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրս բերում ՀՀ տարածքից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։