Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։
Խորհրդարանին ուղղված նամակում այս մասին նշել է Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը՝ անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նիդերլանդները ընդգծում է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։
«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։
Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին»,- շեշտել է ԱԳ նախարարը։