Հունիսի առաջին օրերին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ գրանցած թուրքական լիրան վերջին մի քանի օրվա ընթացքում որոշակիորեն վերականգնել էր դիրքերը: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ ձևավորված որոշակի դրական սպասումներով: Այդ իրավիճակում հունիսի առաջին օրերին գրանցված պատմական 1 դոլար/8.8 լիրա փոխարժեքը նվազել էր մինչև 1 դոլար/8.28 լիրայի:
Սակայն երեկ Բայդեն-Էրդողան բրյուսելյան հանդիպումից հետո այս միտումը փոխվեց և թուրքական արժույթը սկսեց կրկին արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ՝ վերջին տվյալներով գրանցելով 1 դոլար/8.56 փոխարժեքը:
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հանդիպման հետ կապված դրական հույսերը չարդարացան: Նշվում է, որ չնայած Էրդողանի ու Բայդենի հայտարարություններին այն, որ հանդիպումը դրական է եղել, երկկողմ հարաբերությունների համար խոչընդոտներ ստեղծող մի շարք խնդիրներ չեն ստացել իրենց լուծումները: