8-րդ գումարման ԱԺ նիստը շարունակվում է, դաhլիճում կրքերն այդպես էլ չեն հանդարտվում։ Նիստի ժամանակ հերթական միջադեպը գրանցվեց իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր։
«Չկա գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ «հաբրգած» զավակ»,- ասաց պատգամավորը։
Արեգնազ Մանուկյանին տեղից արձագանեց և «ռեպլիկ» թողեց ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Դիմելով ԱԺ նախագահին՝ Արեգնազ Մանուկյանն ասաց․ «Պարո՛ն Սիմոնյան, կարգի հրավիրեք ձեր թիմակիցներին»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց․ «Մաթևո՛ս, հանգիստ, լռություն դահլիճում: Նկատողություն եմ հայտարարում պատգամավորին»։
Խորհրդարանականներին փորձեց կարգի հրավիրել ԱԺ նախագահի նորընտիր տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ նախագահի տեղակալը թվարկեց, թե իրենց խմբակցությունից պատգամավորներից ովքեր են պատերազմում հարազատ կորցրել։
«Հակոբ Ասլանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին ու վիրավորվել է, Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին է զոհվել, ես ասում են այն մասը, որը գիտեմ: Փորձո՞ւմ եք հասկանալ՝ ինչ էին իրենք զգում ձեր ելույթի ժամանակ», – ասաց նա:
Հետո Ռուբինյանը ընդդիմադիր պատգամավորին խնդրեց իր նշած անձանցից ներողություն խնդրել:
«Ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել, զոհերով մրցելն է, դա ուղղակի խայտառակություն կլինի: Այս մասշտաբի պատերազմը, որ տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել։ Եթե կա մի բան, որը մենք չենք կարող բաժանել, դա այն մարդիկ են, որոնք կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի»,- եզրափակեց ԱԺ նախագահի տեղակալը։