Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անպատասխանատու է անվանել եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հայտարարությունն այն մասին, որ Իրանն իբր մեղավոր է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա ամենաանպատասխանատու հայտարարությունն էր, որ ես երբևէ լսել էի: Քանի որ այդ մեղադրանքների հիմքն այն է, որ նրանք կարծում են, որ մյուսները չէին կարող դա անել», – ասել Է Զարիֆը լրագրողներին ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում:
Նշենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան Գերմանիան սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հայտարարություն են տարածել, որում նշվում էր, որ այդ երկրներն ակնհայտ են համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումներում Իրանի մասնակցությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված են, որ այդ հարձակումներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի դեմ, բայց դրանք ազդում են բոլոր երկրների վրա և մեծացնում են խոշոր հակամարտության առաջացման վտանգը: