Տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում, անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ, մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
«Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալներն ստանալուց անմիջապես հետո:
ԱՀ քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը: Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց։
Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ, ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:
Ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ: