Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Այս մասին գրել է Արցախի ԱԳՆ-ն։
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։
Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ թշնամական գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։
Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Armenia Today– ին հայտնել էին, որ հետաքննություն է ընթանում Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև Ստեփանակերտ գյուղերի ուղղությամբ կրակոցների փաստով:
Armenia Today– ի թղթակիցը չի կարողացել կապվել Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ:
Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի փոքր զենքերից՝ տարբեր ուղղություններով: