Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը՝ օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։
Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։
Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։ Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։
Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»,- գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ օրերս Armenia Today-ը գրել էր, որ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը, սակայն մեր լրատվամիջոցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն ասել էր, որ ավել տեղեկություն չունի կատարվածի մասին և խուսափել էր մեկնաբանել տեղի ունեցածը։