ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։
Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը:
Նոր նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով:
Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը:
Երկրորդ փուլը՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։
Նախագծով սահմանված է նաև, որ հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները:
Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: