Ոստիկանները վնասազերծել և կալանավորել են իր երեխային պատանդառած հետախուզվողին։ Ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ «Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և այլ ծառայողներ։
«Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։