ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալաքյանը այսօր՝ հունվարի 29-ին ամփոփեց 2020 թվականը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բացահայտած տվյալներով հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը հասցված վնասը կազմել է 21 միլիարդ դրամ։
Այդ քրեական գործերից 244-ը վերաբերում է հարկ վճարելուց խուսափելուն, 62-ը՝ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելուն, 23-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, 265-ը՝ թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի մաքսանենգությանը։
Համեմատելով 2019 թվականի տվյալների հետ՝ Չարխիֆալակյանը նշեց, որ հարուցվել է 367 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20 միլիարդ 600 միլիոն դրամ։ Դա նշանակում է, որ 2020 թվականին ՊԵԿ-ի բացահայտած քրեական գործերն աճել են 70 տոկոսով։
«2020 թվականին բացահայտված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 միլիարդ դրամ, իսկ 2019 թվականին այդ թիվը կազմել է 6 միլիարդ 100 միլիոն դրամ։ Այդ թիվը 2019-2020 թվականների համեմատությամբ կազմել է 2,1 տոկոս»,- ասաց Չարխիֆալակյանը։
Նա ներկայացրեց նաև այլ հետաքրքիր թվային տվյալներ։ Մասնավորապես՝ 2020 թվականին առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1010 դեպք, որոնցով տուգանքը կազմել է 1,4 միլիարդ դրամ։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով ձեռնարկվել է 279 օպերատիվ-հետախուզական միջոցառում, տուգանքի գումարը կազմել է 181 միլիոն։ Նաև առանց լիցենզիայի գործունեության ծավալելու 55 դեպք է գրանցվել, որոնց տուգանքի չափը 2,2 միլիարդ դրամ է կազմել։