Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որն առաջինն է ՍԴ որոշումից հետո։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալում, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմում է ներկայացրել՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը։
«Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխանության խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար պատրաստվում է ծավալուն միջնորդություն, և այն մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում ենք նիստը հետաձգել ու այն նշանակել ապրիլի 6-ին»,-ասաց Դանիբեկյանը՝ մեջբերելով դատախազի դիմումը։
Դատարանը հայտարարեց ընդմիջում, որից հետո նիստը շարունակվեց։