Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն իրականացված ագրեսիվ պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ, Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է:
63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերք ևս հայտնաբերելու նպատակով:
Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում:
Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է: