Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի հայցը Սահմանադրական դատարանը կքննի հունիսի 1-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 2-ին, Հայաստանի նախագահը հայտարարել է, որ որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։