Հայաստանի իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի կարողանան նախևառաջ կանխարգելել առաջիկա ԱԺ ընտրություններում ընտրական բնույթի հանցագործությունները, ինչպես նաև հետընտարական շրջանում հնարավոր հանցագործությունները։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ես եմ ղեկավարում»,-հայտարարեց նա։
Անդրադառնալով ընդդիմության այն դիտարկումներին, թե դատաիրավական համակարգը ծառայում է օրվա իշխանություններին՝ նա նշեց․ «Դրանք մշտական բնույթ ունեցող մեղադրանքներ են իրավապահների ուղղությամբ։ Ես երաշխավորում եմ՝ 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների առումով իրավապահ մարմիններն առաջին գրավական են դիտարկելու իրենց քաղաքական զսպվածությունը»։
Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացրած խորհրդակցությանը, և «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի այն մեղադրանքներին, ըստ որի Դավթյանն անցել է իր իրավասությունների շրջանակը՝ Գլխավոր դատախազը նշեց․
«Ես ոչ միայն Սյունիքում, այլև տարբեր մարզերում կազմակերպել եմ նման հանդիպում, որն ուղղված է եղել հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելուն, բացահայտելուն։ Սյունիքն այդ առումով բացառություն չէ։ Սյունիքում բացառություն է եղել այն առումով, որ խորհրդակցությանը ներկա է եղել տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ, ինչն ունի իր բացատրությունը։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքի բնակչության առնվազն կեսն առնչվում է կոմբինատին։Ունեինք ահազանգեր, որ կոմբինատում առանձին աշխատակիցների կողմից փորձ է արվում պարտադրանք իրացնել քաղաքական դիրքորոշման առումով»։
Անդրադրադառնալով ընտրարշավին, ընտրակեղծիքներին ու հարուցված գործերի առկայությանը, Դավթյանն ասաց․ «51 հաղորդումներ են եղել, որոնք ստուգվում են։ Այս պահի դրությամբ քրեադատավարական գործընթաց է իրականացվում 8 դեպքով։ Բացահայտվել է նաև առաջին ընտրակաշառքի դեպքը, հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, ընդ որում ձերբակալվածներից մեկը թեկնածու է»։
Արթուր Դավթյանը չնշեց, թե որ ուժից է թեկնածուն։