«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկի մասին։ Ըստ նրա՝ իր այս նախաձեռնությանը միացել են մի շարք համախոհներ։
«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։
Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։
Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավորը։
Նա ընդգծել է, որ թեպետ բարդ է լինելու լսելի դառնալ, սակայն իրենք փորձելու են անել հնարավոր ամեն բան:
«Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։
Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունն իրենց առջև նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։