Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021-ին՝ ժամը 12:00-ին։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են: