Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են անում։ Նրանք բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից:
Քաղաքացի Լուսինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ մանկապարտեզներում ընդունելության հարցը դեռ կազմակերպված չէ։ Նա սրտնեղեց, որ իր բալակին դեռ 2019 թվականի սեպտեմբերից հերթագրել է մսուր մանկապարտեզում, բայց 1,5 տարի է՝ փոքրիկը դեռ մանկապարտեզ չի հաճախում։ Ասում է՝ միայն իր երեխան չէ այդ վիճակում, 12 000 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին։
«Նորմա՞լ է, որ բալիկիս 2 տարեկանում գրանցեմ մսուր- մանկապարտեզի համար, սակայն, երեխան 3,8 տարեկանում գնա մանկապարտեզ։ Հստակ չի ասվում, երբ է լինելու ընդունելությունը։ Մի տարի ծնողները համբերել են, հիմա կարանտինը էլի երկարացվում է, բայց մանկապարտեզների ընդունելության համար ոչ մի բան չի ասվել»,– ներկայացրեց նա։
Լուսինե Սարգսյանը նշեց, որ այսօր ոչ բոլորը ֆինանսական հնարավորություն ունեն իրենց երեխաներին մասնավոր մանկապարտեզ տանելու համար։ Ծնողն ասաց, որ մասնավոր մանկապարտեզների վճարները սկսվում են 70 000 դրամից, իսկ, ըստ նրա, այդպիսի ճոխություն բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ։
«Եթե ընտանիքում ծնողներից մեկն է աշխատում, և անհրաժեշտ է, որ երեխան մանկապարտեզ գնա, ո՞նց է այդ հարցը լուծվելու, երբ ծնողը չի կարող երեխային տանել մասնավոր մանկապարտեզ,- նկատեց նա։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է խնդրից, այլև քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր և խմբեր ավելացնելու համար:
«Անցած տարի ընդունելություն չի եղել, որը պայմանավորված էր համավարակով: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, հարցը համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ հարցին լուծում տալու համար՝ հասկանալով խնդրի կարևորությունը»,- նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Կարապետյանը վստահեցրեց, որ հարցին լուծում կտրվի։
Ծնողները, սակայն, լիահույս չեն, որ խնդիրը վերջանականապես կլուծվի, քանի որ նախկինում էլ են նման հավաստիացումներ լսել, որոնք այդպես էլ չեն իրականացվել։