Ապրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել էր ՀՀ Ոստիկանություն։
«Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,- գրել է Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության տոնին «ՎԵՏՕ» շարժման կին անդամները քայլերթով Շառլ Ազնավուրի հրապարակից գնացել էին Կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Տեղի էր ունեցել քաշքշուկ՝ ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ոստիկանության լրատվական բաժնից Armenia Today-ին ասել էին, որ ՎԵՏՕ-ական 15 կին է բերման ենթարկվել Կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայից։