Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում:
Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ:
Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի այդ՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն: