Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից մեկը՝ Դավիթ Գառնիկի Քոչարյանը, Տավուշի մարզի Չինչին գյուղից էր՝ ծնված 2001 թվականին։
Դավիթ Քոչարյանը մեկ տարվա զինծառայող էր, 44-օրյա պատերազմի մասնակից։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, իրենից մեծ մի քույր ունի։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։