Բրիտանահայ ականավոր վիրաբույժ Արա Դարզին ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բարաձևի ընդունումն ու նշել, որ մտահոգված է, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունում դեռ նման հարց չի քննարկվում։ Այս մասին Դարզին հոդված է հրապարակել բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականում։
Դարզին նշել է, որ, որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ միաժամանակ հիասթափություն հայտնելով, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը:
«Հայոց ցեղասպանության մասին ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- ընդգծել է Արա Դարզին։
Ականավոր վիրաբույժը հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
Դարզին հիշեցրել է նաև իր ընտանիքի հետ տեղի ունեցած պատմությունը՝ նշելով, որ իր մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին:
«Տատս, ով այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Տատս իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,-գրել է Արա Դարզին:
Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։