Այսօր՝ ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:
Ինչպես Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը, զոհեր չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
Հրդեհի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։
Ժամանել է նաև Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, որոնք նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։