«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և արվեստասեր հանդիսատես։
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ֆիլմի շնորհանդեսը ընդգծում է հայ-հնդկական ամուր մշակութային կապերը: Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Նա եղել է հնդիկ ժողովրդի բարեկամ և շատ է սիրել Հնդկաստանը: