ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները չօգտագործվող հողերի շարքին դասելու չափանիշները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ նախագծի նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:
Փոխնախարարի պարզաբանմամբ՝ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում կա շուրջ 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 000 ը։ Չկա որևէ իրավական փաստաթուղթ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները։ Արման Խոջոյանի հավաստմամբ՝ փոփոխությունը կլուծի այս խնդիրը: