Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մտադիր է իր պաշտոնը լքել 2020 թվականի փետրվարի 1-ին: Այս մասին Սարգսյանը հայտնել Է Մոսկվայում «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագիրը կրող XIV միջազգային համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Պատրաստվում ենք գործերը փետրվարի 1-ին փոխանցել նոր նախագահին։ Բելառուսը դեռ չի ներկայացրել նոր նախագահի թեկնածությունը»,-ասել է Սարգսյանը։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով՝ իրեն հնարավոր փոխարինողի անունը դեռ հայտնի չէ:
Ինչպես նշել է Սարգսյանը, Հայաստանի նախագահության անցումը Բելառուսին չի անդրադառնա ԵՏՄ անդամ երկրներին ամրագրված պորտֆելների ընդհանուր թվի վրա:
Նշենք, որ ԿԲ նախկին ղեկավար և Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի փետրվարի 1-ին:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ 2019 թվականին միության նախագահն է Հայաստանը։