Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի Խորհրդի առջև պարտավորություններ ունեն իրենց տարածքներում մարդու իրավունքները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։
Նրա խոսքով՝ այս հակամարտության համատեքստում վիճելի տարածքներում մարդու իրավունքների ապահովման ավելի լայն խնդիր է բարձրացվում։
«Անկախ քաղաքականությունից, մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, պետք է հույսը դնեն նույն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափանիշների վրա, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի Խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»։