Երևանում ու մարզերում շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակտիվ գործողությունները: Այս պահին բազմամարդ հանրահավաք է անցկացվում խորհրդարանի շենքի մոտ, որը կազմակերպել է «Հայրենիքի փրկության կոմիտեն», որի մասնակիցները պահանջում են անհապաղ հրաժարական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ զուգահեռ խորհրդարանում տեղի է ունենում Ազգային ժողովի նիստ, այժմ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Նշենք նաև, որ երեքշաբթի Երևանում անհնազանդության գործողություններ էին անցկացվել, մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ արգելափակվել էին: Ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից ի վեր Երևանում անցկացվում են ցույցեր՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության: Ընդդիմության 16 ուժերի ներկայացուցիչները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը, ԵՊՀ գիտական խորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես պահանջում էին Փաշինյանի հրաժարականը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կողմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: